ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արտավազդն ինքնակամ կշղթայվեր, եթե կանխատեսեր հազարամյակներ անց պարտադրվող «բարեփոխումները»

Արտավազդն ինքնակամ կշղթայվեր, եթե կանխատեսեր հազարամյակներ անց պարտադրվող «բարեփոխումները»
08.08.2008 | 00:00

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՅ ԹԱՏՐՈՆ...
ԻՆՔՆԱՀԱՏՈՒԿ ՉԻՆԱՐԵՆՈՎ
Պետական մշակութային քաղաքականության միտումների մասին արդի հայ թատրոնի գործիչներից շատերը որոշակի ենթադրություններ արեցին ծաղկաձորյան խորհրդաժողովի օրերին։ ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանի և մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի փոխհամաձայնությամբ ներկայացվեցին Աֆրիկայում, Էստոնիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլուր կիրառվող մշակութային մարտավարության հինգ տարբեր ուղղությունները։
Արտերկրում հատուկ դասընթացներ անցած թատերականի շրջանավարտ Զարուհի Սարգսյանը (որն այսօր ընդգրկված է ՀՀ նախագահի աշխատակազմում) և «Հայֆեստի» նախագահ Արթուր Ղուկասյանն ինքնահատուկ չինարենով գովազդում էին առավել արագ ադապտացվող մեխանիզմները։
Վահան Բադալյանը թատերարվեստի նկատմամբ հետաքրքրության գործակցի նվազումը բացատրում էր գեղարվեստական ղեկավարի ճաշակից կախված խաղացանկային թատրոնի ճգնաժամով։ Երևույթ հանդիսացող ներկայացումների հզոր խթանիչի ֆունկցիան վերագրվում էր գիտակ մենեջերներով ղեկավարվող ազատ բեմահարթակին՝ ստուդիական շարժման ակտիվացմամբ կենսունակ։ Մշակույթի նախարարը հայտարարեց, որ պետական բյուջեի 1,8%-ն է գնում մշակույթին, ոչ մի երկիր ավելին չի անում, բայց ստեղծում է այլընտրանքային ֆինանսական աղբյուրներ։ 100%-ով ֆինանսավորվում են միայն օպերային թատրոնները, մյուսները՝ 50-70%-ով։
Հայաստանում գործող 34 թատրոնների (16-ը՝ պետական) գոյատևման ամենաճիշտ ձևը Հրանտ Թոխատյանը, իր անձնական փորձով, համարեց անտրեպրիզայինը։ Նույնիսկ գործնական առաջարկ արեց Սունդուկյանի թատրոնին՝ մտցնել իր ներկայացումը (մի զարմացեք, «Mea culpa»-ն...) խաղացանկի մեջ և շուտով ձերբազատվել ֆինանսական խնդիրներից։
Արմեն Մազմանյանին իրավունք էր վերապահվել խափանել մյուս բոլորի ելույթներն օրախնդիր հարցերի շուրջ։ Ասենք, խաղացանկային թատրոնի փլուզմամբ դերասանական «դպրոցի» և մշտական գործող կայացած թատերախմբերի կորստյան։ Կամ՝ մարզպետարաններին հանձնված թատրոնների անմխիթար գոյության և պետական հատկացումներից գանձվող ավելացած արժեքի հարկի։ Առավել ևս՝ «Փոսի» թատրոնի կամ «Ադրիի» անպատիժ մնացած ամոթալի վաճառքի։ «Վերևների» ակնհայտ բարեխղճությամբ անգերազանցելի սկանդալիստն աջ ու ձախ լուտանքներ էր տեղում, մինչև իսկ՝ անձնական վիրավորանքներ։ Երևի թե հենց այդ «բեղուն» գործունեության համար հավաքի սկզբում արժանացավ ոսկե մեդալի։ 25 տարվա ընթացքում արած 2-3 բեմադրությունը, «Գոյի» սարդոստայնապատումը, չեմ կարծում, գնահատվեին պաշտոնապես այդքան բարձր։ Իր արտոնյալ կարգավիճակը լիուլի վայելելով՝ Մազմանյանը պատրաստակամություն հայտնեց թատերական անհրաժեշտ միջավայր ստեղծել՝ կարևորելով միջին մասնագիտական կրթության իր ծրագրած համակարգի իրականացումը՝ թատրոնների տրամադրած նպատակային գումարներով...
ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ
...Արմատական քննարկումները տեղափոխվեցին խորհրդակցությունների դահլիճից դուրս՝ վերածվելով ընկերական զրույցների։ Ոմանք շուտով մեկնեցին Ծաղկաձորից։ Համբերատարները փորձեցին երկրորդ օրը գեթ սթափության ձայն բարձրացնել՝ ջանալով տեղավորել ասելիքն իրենց հատկացված 3 րոպեի մեջ։ Հավաքը, ըստ էության, ձախողվեց։ Մի բան միայն պարզ էր՝ պետությունն իր ուսերից թոթափում է թատրոնների հոգսը։ Ամենքը վերադարձան իրենց թատրոնները՝ շուտով, քաղաքական թոհուբոհում իսպառ մոռացության մատնելով տեսածն ու լսածը։ Եվ միայն բոլորովին վերջերս, երբ Մայր թատրոնի գլխին պայթեց առաջին «բարեփոխումը», բոլոր մանրամասներով մտաբերեցին ծաղկաձորյան հավաքը։ ՈՒ հասկացան, որ 16 թատրոններին սպասվում է 14 կինոթատրոնների ճակատագիրը։ Ստեղծագործական մշտական գործող խմբերը, իհարկե, կկազմալուծվեն։ Շենքերը գուցե սեփականաշնորհվեն, խորհրդանշական գումարով վաճառվեն։ Նոր տերերը, իրենց հոգևոր-մտավոր պահանջներից ելնելով, կվերածեն դրանք ինչի կամենան։ Այն ժամանակ արդեն Հենրիկ Հովհաննիսյանի՝ 20 տարի շարունակ արտասանած դամբանականներն իրական հիմք կունենան։
Հետին թվով խելոքացող թատերաշխարհը, ցավոք, միաբան ընդդիմության լուրջ քայլեր չի անում՝ առայժմ։ Հատուկենտ հավատավորներ են միայն պատեպատ խփվում։ Սցենարի իրագործման ժամանակը խելամիտ է ընտրված։ Ամառային արձակուրդում են թե՛ թատրոնները, թե՛ նրանց պատուհասող չարիքի մասին հանրությանն ահազանգող ԶԼՄ-ների մեծ մասը։ Մյուսների հնչեցրած մշակութապահպան տագնապներն էլ, հավանաբար, կմարեն շուտով՝ մնալով անպատասխան։
«ՏՎԵՔ ԻՆՁ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԸ ԵՎ ԵՍ...»
Ազգային ակադեմիական թատրոնի նորահաստատ կանոնադրությամբ բացահայտվեց արտառոց մի ճշմարտություն։ Հուլիսի 25-ին, երբ մշակույթի նախարարը պաշտոնապես հայտարարեց օգոստոսի 15-ից Վահե Շահվերդյանի՝ գեղարվեստական ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, նոր կանոնադրության մեջ «գեղարվեստական ղեկավար» արտահայտության հետքն էլ չկար։ Իմանալով այդ մասին՝ նա անակնկալի եկած մամլո ասուլիսի, ապա՝ թատրոնի ստեղծագործական կազմի հետ ունեցած հանդիպման մասնակիցներին հավաստիացնում էր, թե ներսի ու դրսի դժգոհություններին տեղի տալով՝ ստիպված է իր ձեռքը վերցնել ազգային թատրոնի գեղարվեստական մակարդակի բարձրացման, ստեղծագործական մթնոլորտի առողջացման գործընթացը։ Առաջին հերթին, հավասար մեկնարկային հնարավորություններ է ապահովում Շահվերդյանի հետ մեկտեղ մյուս լավագույն բեմադրիչներին։ Նախարարը չկոնկրետացրեց լավագույն բեմադրիչներին։ Դատելով նրա «Նիկոլայ Ծատուրյանն այսօր մյուսներից 10 նիշ առաջ է» արտահայտությունից՝ մեկը նա է։ Եթե սա ասվում է Ծատուրյանի՝ «Փուղի զորությունը», «Ավգյան ախոռները», «Ինչպես կինը փախավ տնից» վերջին երեք բեմադրությունների անմիջական տպավորություններով... Թույլ տվեք՝ չհամաձայնել։ Վերջինի առաջնախաղը նրա հետ միասին տեսնելուց հետո հանդիսատեսն եմ եղել երրորդ ներկայացման, որն արդեն փլված էր, անհետաքրքիր։ Առաջինները որևէ մեկն արդի թատերաշխարհում քիչ թե շատ հաջողված չկարողացավ համարել։ Ինչ վերաբերում է ավելի լավ գեղարվեստական ղեկավարությանը, Գյումրիի թատրոնի ցցուն օրինակով, դժվարանում եմ հավատալ։ Ասեմ նաև՝ Հայաստանում և սփյուռքում գործող երկու տասնյակից ավելի բեմադրիչների աշխատանքներ են ներկայացվել Մայր թատրոնում վերջին 10-12 տարիների ընթացքում (մոտ 20-ը հենց խաղացանկում), միանալով Մայր բեմի Մեծ տիկնոջը՝ Վարդուհի Վարդերեսյանին՝ վստահաբար հայտարարում եմ՝ Վահե Շահվերդյանի բեմադրությունները ոչ մեկին չեն զիջում։ Հաստատ։ Քանի որ ազգային թատրոնը չի կարող գոյատևել առանց գեղարվեստական առաջնորդի, հայտարարած յուրատեսակ մրցույթի արդյունքում ընտրելու է լավագույնին՝ չբացառելով Շահվերդյանի վերահաստատումը։ Նույն օրը թատրոնում, մի կողմ դնելով կցկտուր մեղադրանքներն ու թատերարվեստի յուրահատկություններից անտեղյակությունը, նա խոստովանում է «բարեփոխման» անձնավորվածությունը։ Այդուհանդերձ, հարցի վերջնական լուծման իրավասությունը վերապահելով օգոստոսի 20-ի հավաքում ձևավորված նոր գեղարվեստական խորհրդին։ Մի քանի օրից ինքն էլ է գնում արձակուրդ՝ հաջորդ բոլոր զանգահարողներին ու այցելուներին հավատացնելով, որ արմատական փոփոխություններ չի նախատեսում։ Ի դեպ, նոր կանոնադրության մեջ չի բացառվում կառավարման խորհրդի ստեղծումը, ինչպես՝ օպերային թատրոնում։ Մամուլում և գաղտնածածուկ հանդիպումներում կրկին շրջանառության մեջ է դրվում Արմեն Մազմանյանի վաղեմի երազանքը. «Տվեք ինձ Սունդուկյան թատրոնի տնօրենի պաշտոնը, և ես մեկուկես տարում կշրջեմ այն»։ Ճիշտ և ճիշտ արքիմեդյան վճռականությամբ ու համոզվածությամբ։
«ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՎԱՀԵԻՑ ՍԿՍԵՑԻՆ...»
Այն, որ Արմեն Մազմանյանն է լինելու մշակույթի նախարարի ոչ պաշտոնական գլխավոր խորհրդականը, միանգամայն հստակ էր։ Վերջին երկու տարում՝ ավելի անսքող ու անհերքելի։
Նախարարության աշխատակիցները մանրակրկիտ ստուգումներ են անցկացնում՝ թատրոնի տնտեսության վիճակը օր առաջ պարզելու և գործի դրած «բարեփոխումն» արագացնելու հանձնարարականով։ Հրատապ է համարվում ստեղծագործական կազմի կրճատումը։ Շահվերդյանի մեծագույն մեղքերից մեկը դրան ընդդիմանալն էր։ Հատկապես մոտ կես դար իրենց կյանքը հարազատ թատրոնին նվիրաբերած ավագների նկատմամբ այդ արարքն անբարո գնահատելով։
Ֆինանսատնտեսական կարգապահությունը, իհարկե, կարևոր է։ Պետական վերահսկողությունը՝ նույնպես։ Եվ լավ է, երբ իրավաբանական կրթություն ունեցող տնօրենն է այն կարգավորում։ Իսկ ո՞վ պետք է կարգավորի թատերական կառույցի ստեղծագործական աշխատանքը, խաղացանկային քաղաքականությունը, գեղագիտությունը։ Եթե Մայր թատրոնի բեմում տարբեր բեմադրիչներ ազատ են աշխատելու ըստ իրենց նախասիրությունների, ո՞վ պետք է որոշի դրանց արժեքավորությունն ու նպատակահարմարությունն ազգային ակադեմիական թատրոնում, հիմնական դերասանախմբի զբաղվածությունը։ Գուցե իսկապե՞ս մեզ ազգային թատրոն պետք չէ։ Ըստ նախարարի, բեմադրության հայտերը շատ չեն։ Ազատ հայտարարված երբեմնի Կամերային երաժշտական և նախկին «Փոսի» թատրոնների բեմահարթակներն ինչո՞վ հարմար չէին փորձարարության շրջանն անցկացնելու, ապա միայն Սունդուկյանի թատրոն հաջողված բեմադրությունները տեղափոխելու համար։
«Բարեփոխումների կարիք հայ թատրոնը, իրոք, ունի,- ասում է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը, որը Վահե Շահվերդյանի արևով վաղուց չի երդվում։- Գորբաչովից հետո որևէ փոփոխություն չի եղել։ Բայց նախ պետք է հարկային դաշտից սկսել։ Ինչ վերաբերում է թատրոնի ստեղծագործական դիմանկարին, Սունդուկյանի վիճակն այնքան էլ վատ չէր։ Ինչո՞ւ հենց Վահեից սկսեցին։ Նրա ամենամեծ թերացումը, ըստ իս, հոբելյանների թատերայնացումների վրա ստեղծագործական էներգիան ու ժամանակը ծախսելն էր, յուրաքանչյուրին առանձնակի ուշադրության արժանացնելը՝ անշնորհակալ են թատրոնի մարդիկ։ Ցանկացած թատրոն, առավել ևս ազգային ակադեմիականը, կփլուզվի առանց գեղագիտական հմուտ առաջնորդի։ Տեղի ունեցածի համար մեղավոր են մյուս բոլոր թատրոնների գեղարվեստական ղեկավարները...»։
Մեղավոր են, անշուշտ, անմիաբան թատերական գործիչները։ Մեծագույն մեղքը, սակայն, բարձրաստիճան չինովնիկներինն է, ովքեր հազվադեպ լինելով լուրջ թատրոններում, եկամտաբերության նույն չափանիշներով գնահատելով դրանցում ծնվող ներկայացումներն ու շոու-բիզնեսի «գեղարվեստական» արտադրանքը՝ փորձում են հնամենի հայ թատրոնին արդիական շունչ հաղորդել համաշխարհային «առաջավոր» մոդելների պատվաստումներով։ Ողբամ զքեզ, հայ թատրոն։ Քո հիմնադիր արքան, կարծում եմ, ինքնակամ կփակվեր, կշղթայվեր Մասիսում, եթե կանխատեսեր հազարամյակներ անց քեզ պարտադրվող «բարեփոխումները»...
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Թատերագետ

Դիտվել է՝ 7582

Մեկնաբանություններ